11/14/15

Արյան հոտը

Ես չգիտեմ՝ թե որքանո՞վ այս շարքը կարելի է համարել գրականության փաստ կամ ճի՞շտ է արդյոք այսպիսի մոտեցումը գեղարվեստում: Շարքի յուրաքնչյուր պատառիկ Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածի հուշ է: Այսպիսի հուշեր հազարներով սփռված են համանցանցում և այդ թեման արծարծող գրքերում: Ես միայն աննշան փոփոխություններ եմ կատարել. ոչ մի լրացում կամ գեղարվեստական հորինվածք չկա այստեղ:
Այս դեպքերը տեղի են ունեցել 100 տարի առաջ՝ հայերի, հույների, ասորիների հետ: Աշխարհում հիմա ոչինչ չի փոխվել: Նույն ոճրագործությունը կարող է պատահել աշխարհում ապրող ցանկացած բնակչի և նրա ընտանիքի հետ. և քրդի, և չեչենի, և ռուսի, և թուրքի...
 Սա մեր բոլորի անցյալն է, ցավոք, նաև որոշների ներկան և ապագան:


Արյան հոտը

թուրքերն եկան
բոլորիս գյուղից հանեցին
մտրակներով ծեծելով տարան
զորանոցի պես մի տեղ
բարձր մի տեղ

մեզ մերկացրին
մնացինք առանց շապիկ
և վարտիք
դաշույններով կացիններով
մեկի ձեռքը
մյուսի ոտքը
երրորդի թևը ջարդեցին

առավոտյան եկան
նորից հավաքեցին
և սկսեցին ջարդել
ու ջուրը լցնել

այդտեղով Խաբուրն էր հոսում

մեկի գլուխը
մյուսի ոտքը
երրորդի ձեռքը
կտրեցին փրթեցին
իրար վրա լցրին

մարդ կար մեռած չէր
բայց ջնջխված էր
մեկը կուլար
մյուսը կծվար
երրորդը ուշաթափ էր

արյան հոտը մեկ կողմից
անոթությունը մյուս կողմից

ողջերը սկսեցին
մեռածների միս ուտել



***

աղջիկներին փախցրին
կանանց տարան մորթելու
երեխաների գլուխները կտրել
գնդակի պես
այստեղ-այնտեղ էին գլորում

մի գրկանոց երեխա
մեռած մոր կուրծքը
ուտելով էր ապրում

նրա գլուխն էլ
գլորեցին

***

անապատում
խոտ էինք հավաքում
անասունի պես
խոտ էինք արածում

թե աղ գտնեինք
խոտը ավելի
համով էր դառնում

մեկ-մեկ
խաշնարած բեդվիններ էին հանդիպում
մեզ խղճում
մի քիչ փլավ էին տալիս
լպռտելով էինք ուտում

***

ապրիլյան մի օր
Դեր Զորի մոտ
Հեքիմխանայում
մեր քարավանին
վանեցի երեսուն
հարսներ միացրին

գիշերը
մերկացրին նրանց
և ստիպեցին պարել
ու զվարճացնել իրենց

լուսաբացին
գզգզված
այլանդակված հարսները
ձեռք-ձեռքի բռանծ
իրենց գցեցին Եփրատը

***

հասանք Դեր Զորի
Մերդին քաղաքը
մեզ փոքրերիս ջոկեցին
տարան կանաչ դաշտի մեջ նստեցրին
մեծերին ձորի կողմը տարան
հերթի կանգնեցրին

չգիտեինք մեզ հետ
ինչ է լինելու

մայրս
հերթը խախտում
գալիս էր մեզ համբուրում
համբուրում
գնում էր

երբ տնից ելանք
մայրս ազգային տարազներով էր
թավիշ ոսկեկար հագուստներով
գլուխը
 ոսկեդրամներով էր զարդարված
վզին  ոսկե շղթա կար
հագուստների մեջ
ներսից և դրսից
ոսկեդրամներ էր թաքցրել

վերջին անգամ
երբ եկավ
ինձ  երկու եղբայրներիս
խենթի պես էր համբուրում

արդեն միայն
ճերմակ ներքնազգեստով էր

մենք երեխաներս
բանից անտեղյակ էինք
այնտեղ ձորում
բաներ էին կատարվում
բայց չգիտեինք
թե ինչ

***

տասներկու ամիս
անապատում մնացինք
ոչ հաց կար
ոչ ջուր

ինը հոգանոց
մեր ընտանիքից
մնացի միայն ես

մորս և հորս
սպանեցին
մեծ քրոջս փախցրին
փոքր քույրս հիվանդացավ
և մեռավ
եղբայրներս կորան
իրար չգտանք
հարսիս փորը
մի ասկյար պատռեց
ասելով
գյավուրի փորում
տղա՞ է թե աղջիկ

չորս ուրիշ աղջիկների հետ
փախանք անտառ
ինձ մի արաբ գտավ
տարավ իր տուն
հաստ հյուսերս խուզեցին
դեմքիս թանաքով դաջեցին
դարձա արաբի աղջիկ

***
վարդեվորի օրը
ասկյարները մեր գյուղ
դաղստանցի չեչեններ բերին

ոչխարներին գոմեշներին
մալերին քշին տարան
խորոտ հարս ու աղջիկ
մատղաշ տղա-էրեխա
մերերի գրկից պոկեցին տարան
ով խորոտ էր տարան
հորաքրոջս տղին էլ
ով գիշեր-ցերեկ մոտս էր
տարան
տղամարդկանց էլ տարան
գյուղում տղամարդ չմնաց

մեզ մեծով-փոքրով
տարան լցրին
Ավզուտ գյուղի
Մալխասենց Մարդոյի գոմերը
խոտի դեզերը դարսին
վրեն նավթ ցանին
տվին կրակի

գոմի մեջ
ծուխ ու կրակ որ մտավ
ժողովուրդը սկսեց
հազալ  խեղդվել
վառվող մարդիկ
վազվզում խփվում էին պատերին
ոտի տակ տրորում իրենց փոքրերին

գոմի տանիքը փլվեց
փլվեց
լցվեց մեռելների վրա
մեզ շնչելու օդ եկավ
քրոջս դուրս շպրտեցի
հորեղբորս աղջիկ Արեգի հետ
վառված գերանների և մարմինների վրայից
փախանք

թուրքերը շուրջպար բռնած
թրերը իրար զարկելով
ուրախանում էին և երգում
եօրի եավրում եօրի1

հորս գերդաստանից
վաթսուն հոգի
վառան էդ գոմերի մեջ



***
մոտ հինգ հարյուր հոգի էինք
ծերեր կանայք էրեխեք
դուրան դաշտով
մեզ քշում էին դեպի մահ

որոշ ժամանակ անց
ասկյարներից մեկը նկատեց
որ քարավանի մեջ
մի բարձրահասակ աղջիկ է քայլում
երբ գլխաշորը քաշեց
երևաց Վարդիկի Տիգրանը

մեզ կանգնեցրին
հրամայեցին նստել
ամբողջ դաշտում
մեկ ծառ կար

Տիգրանին
գլխիվայր կախեցին
Վարդիկին մեզ
 ծեծելով քշեցին ծառի մոտ

վեց ասկյար
մեր աչքի դեմ
բռնաբարեցին տանջեցին
Տիգրանի տասնչորսամյա քրոջը
եթե որևէ մեկը գլուխը շրջեր
մազերից  քաշում
ստիպում էին նայել

աղջկան կիսամեռ
շպրտեցին մեզ վրա
գլխաշորերով ծածկեցինք

երկու ասկյար
դանակներով սկսեցին
կոճիկներից դեպի վերև
մաշկել Տիգրանին

մինչև հիմա
նրա անմարդկային ձայնը
իմ ականջների մեջ է

***
մի մոլլա եկավ
և անունս Սեֆեր դրեց
սակայն մերոնք
ինձ Սարգիս էին կանչում

եղբայրս
Հովհաննեսից դարձավ
Հասո

ինձ
հորեղբորս
եղբորս թլփատեցին

ցավը սարսափելի էր

կրակի պես
վառեցին մարմնիս այդ մասը
և մսի կտորը
դրին արևի տակ
չորանալու
որ պահեն
որպես փաստ

***

Մեհմեդ անունով
հոջա2 թուրքը
ինձ տարավ
կառավարության շենք
և ես դարձա
Հյուսեին Իսլամ

գնացինք իրենց գյուղ

Արածանիի կամրջի վրայից անցելիս
տեսա որ գետը կարմիր է

այդ վայրը
հետո կոչվեց
Քանլը Գեչիթ3

երբ տուն մտանք
կնոջը ասաց
քեզ Հյուսեին անունով
տղա եմ բերել

***
երբ ծնողներիս սպանեցին
ինձ ու ինձ նման երեխաներին
քշեցին Ջեմալ փաշայի որբանոց

Հարությունից դարձա Շյուքրի
իսկ ազգանունս էր 535

մեզ թլփատեցին
սունի դարձրին

թրքերեն չգիտեինք
և շաբաթներով չէինք խոսում
եթե չաուշները4 իմանային
որ ինչ-որ մեկը խոսում է հայերեն
կստիպեին ժամերով
նայել արևին
թևերի տակ
խաշած հավկիթ կդնեին
կամ մահակով
կծեծեին ներբանները

մեզ նամազ անել էին տալիս
և երեք անգամ պիտի կրկնեինք
փադիշահըմ չօք եաշա5

Ջեմալ փաշան հրամայել էր
մեզ լավ նայել
նա գնահատում էր հայի խելքը
և ուզում էր իր ժողովուրդը ազնվացնել

մենք թուրքի
ապագան էինք

1.       եօրի եավրում եօրի  - պարիր որդիս պարիր
2.      հոջա – ուսուցիչ
3.      Քանլը Գեչիթ – Արյունոտ կիրճ
4.      չաուշ - ոստիկան սերժանտ
5.      փադիշահըմ չօք եաշա  - կեցցե իմ թագավորը


Ինչ ուզես


մեր գյուղը
Քյուչուկ Զեյթունն էր
այսինքն փոքր Զեյթունը
օդը անուշ էր
ջուրը չտեսնված
մարդիկ շիտակ
քաջ և աշխատասեր

*
մենք
Թոզլյաններից էինք
հայրս և հորեղբայրս
զենք սարքող էին
ունեցել եմ մայր
երեք քույր և եղբայր

*
15 թվին
Դամասկոսի անապատները
մեզ աքսորի հանեցին
հիվանդացանք տիֆով
ոջլոտեցինք
մնացինք անոթի
ծարավ
շատերը մեռան

*
Դամասկոսի մոտերքից
մոտ
ինն ընտանիքով փախանք
հասանք
չերքեզի մի գյուղ
մեզ չընդունեցին
մուհուջիր էին ասում
այսինքն գաղթական
մնացինք
բաց երկնքի տակ
լավ է
ամառ էր

*
գյուղի
չերքեզ բեկի գոմը
կատղած գել էր մտել
կծել
եզան պռոշը

եզը կատղել
չոլերն էր ընկել
տուն չէր գնում

*
բեկի խնդրանքով
եզին բռնեցինք
տարանք բեկի տուն

բեկն էլ թե
տարեք
փող չեմ ուզում
տարեք էն ձորը
մորթեք կերեք

*
ձորի մեջ
եզը մորթեցինք
փետ չկար
թրիքով-մրիքով հազիվ եփեցինք
կաշվից
չարուխներ սարքինք

մտածում էինք
թե մենք էլ կկատղինք
բաց սոված էինք
խաշեցինք
ու կերանք

*
երեք օր հետո
բեկը նորից եկավ

մորթեցինք
երկու եզ
երկու կով

մտածում էիք
թե հաստատ
էս անգամ կկատղինք
բայց սոված էինք
խաշեցինք ու կերանք

*
հետո
գյուղի արաբների
կովերն էլ կատղան
դրանք էլ կերանք

*
հետո
էդ գյուղից
փախանք Երուսաղեմի
անապատները

մեր աքսորը
չորս տարի տևեց

մնացինք սոված
հիվանդ տկլոր
մեծով պզտիկով
ինչ ուզես














No comments:

Post a Comment