9/24/18

հայկական ժողովրդական բանաստեղծություններ

հայկական ժողովրդական բանաստեղծություններ
/ Շիրակ /
1.
կէղնի չի էղնի
մե անպետք
մե այլանդակ
մե անբախտ
մե պարապ
մե բլնգած
բանաստեղծությունըմ կէղնի
2.
կէղնի չի էղնի
մե չքնաղ
մե նախշուն
մե կամար ունքերով
մե վարդահամ պռոշներով
մե կարմրաթույր թշներով
մե կարկաչուն ձենով
մե սիփ-սիպտակ ատամներով
մե խաժ աչքերով
մե աբրեշումե մազերով
մե թրթռուն ծծերով
մե խելացնոր թևատակերով
մե կրքահարույց զիստերով
մե հեզաճկուն մարմնով
մե հուրի-փուրի
մե անապակ
բանաստեծությունըմ կէղնի
օր արեգակին կըսե
դու դուրս մի արի
ես արդեն էկել եմ
3.
կար չկար
ավելի շատ չկար
մե ռանչպար բանաստեղծըմ կար
էս խելքի պուտուկը
համ թերթի խմբագիր էր
համ լրագրող
համ լուսանկարիչ
համ մեղվապահ էր
համ այգեպան
համ խաշնարած
համ գործարար էր
համ բարեգործ
համ խաս քծնող
տարին մեկ
էս մեր բեմուրազ բազմաբեղունը
մի պատուհաս գիրք էր ցնկնում
4.
ժուկով ժամանակով
յոթ ծովերից էն կողմ
յոթ մենծ սարերի մեջ
մե անբախտ թագավորությունըմ կար
իրեք դև-ախպեր
դև-հորից մեկ
բոզ մերերից ջոկ
էկել իսկական թագավորին ըսպանել
իրենց տեր ու տիրական էին հռչակել
սոնք աշխարհիս ամենագեշ
ամենադաժան
ամենաանկուշտ
մե կաթըմ գութ չունեցող դևերն էին
համ քոռ էին
համ թոփալ
համ քաչալ
համ քոսոտ էին
համ խլնքոտ
համ ոջլոտ
համ թլիկ էին
համ կուզիկ
համ լոզոտ
թագավորության
լավ հողերը արոտները
դաշտերը լճերը գետերը
սառնորակ աղբուրները
հացի ամբարները սոնցն էին
խաս ձիերը
ճերմակաբուրդ ոչխարները
պարարտ արջառները ցլերը խոյերը
յուղն ու մեղրը
պանիրն ու գինին
խաղողն ու ծիրանը սոնցն էին
անարատ աղջկերքը
անմարդ կնկտիք սիրուն կնկտիք
կոլոտ ու բոյով կնկտիք սոնցն էին
ճամփեքը
ճամփեքի առուտուրը
անտառները
անտառների գել ու գազանը
որսատեղիները որսը
սարերն ու ձորերը սոնցն էին
պանդոկները իջևանատները
խանութները կրպակները
ամառոնոցները պալատները
տաճարները վանքերը սոնցն էին
դատավորները ոստիկանները
ավազակները դահիճները սոնցն էին
բիլա հեքիաթի
իրեք խնձորները սոնցն էին
ու մենծ սով էղավ
ահավոր ցավ-հիվանդություն էղավ
զրկանք որբություն լաց ու կոծ էղավ
ժաժք ջրհեղեղ պատերազմ էղավ
պանդխտություն փախեփախ արտագաղթ էղավ
ու փառք տանք աստծուն
որ էս անցքերը
մեր թագավորության հետ չէղավ

No comments:

Post a Comment