Ունայնիկներ



այս գիրքը
կարող էր ունենալ
նաև հետևյալ վերնագրերը


բանաստեղծելու յոթ ոչ մահացու մեղքեր
բառի խեժահոտ
լուսաբացին մերձ
բանաստեղծություն գրելու ձեն
բարդիների արքայություն
միջօրեի սահանքներից անդին
հրկիզվող մարմիններ
վասն լորենու
անմնացորդ
շիկացած մարմին
հոկտեմբերի լուսաբացներին
նոյեմբերի պայծառակերպություն
խնձորի հեղումներ
ծակ կոշիկներ
ծերունական ենթադրվող փնթփնթոցներ


բայց
ես ընտրեցի
ավելի ճիշտը չընտրեցի էլ
ունայնիկ բառը եկավ
ու ասեց
ես եմ


բանաստեղծելու յոթ ոչ մահացու մեղքերը


ինչ-որ տարիքից սկսած
բնականաբար 20-ից
հանճարեղությամբ չհիվանդանալը
մահացու մեղք չէ
տկարություն է


*


ինչ-որ տարիքից սկսած
ասենք 30-ից
սիրային բանաստեղծություն գրելը
մահացու մեղք չէ
անամոթություն է


*


ինչ-որ տարիքից հետո
ենթադրենք 40-ից
վատ գրելը
մահացու մեղք չէ
ախմախություն է


*


ինչ-որ տարիքից անդին
դիցուք 50-ից
չլռելը
մահացու մեղք չէ
մեծամտություն է


*


ինչ-որ տարիքի սահմաններում
միգուցե 60-ի
վաղամեռիկ չլինելը
մահացու մեղք չէ
անշնորհքություն է


*


մինչև 70 տարեկանը
դասականի դափնիով պճնված
ուրիշներին վերևից  նայելը
մահացու մեղք չէ
մանկամտություն է


*


80 տարեկանից առաջ կամ հետո
գրամոլությունը
մահացու մեղք չէ
այլասերվածություն է


*
գրական փուչիկ մի փչեք
մեղք է


*

տիեզերքի ստեղծման համար 
արարիչը մրցանակ չի ստացել

*

խթանիչներից միայն
բառի խեժահոտը


*
բառերի իմ հավաքածուում
ամենաթրթռուն կյանքով լեցուն
ազատագրված բառը
խանդաղատանքն է


*
լուսաբացին  մերձ


բանաստեղծությամբ
զարկվելն էլ մի բան չէ
ուզում ես քնել
բառերը
պատկերները չեն թողնում
*


այս բանաստեղծության
առաջին մի քանի տողը ավելորդ է
մյուսի վերջին մի քանի տողը 
երրորդի դեպքում միջնամասերը
չորրորդի դեպքում տողերն ամբողջությամբ


բանաստեղծություն  գրելու ձենը


առաջին հնգամյակում
երկարաշունչ ծավալուն
բանաստեղծություններ գրեք
երկրորդում կարճ ու համառոտ
հետո բառերով գրեք


*


հայր
ով բանաստեղծության աստված
ես ինչո՞ւ էի մոռացել
կապույտ երկինքը


*


հայր
ով բանաստեղծության աստված
թույլ տուր մտնեմ
արքայությունը բարդիների
զի նրանց է կապույտ երկինքը
Գյումրի քաղաքի


*
թող որ
բանաստեղծությունը
աստծո արքայությունում հայտնվելու
անցաթուղթ լինի


*
բանաստեղծական պատկերները
բանաստեղծական բառերը
բանաստեղծությանը հակացուցված են


*


ծեքծեքուն բանաստեղծներին 
բծախնդրորեն
ու մանրակրկիտ ճիպոտելը
կազդուրիչ անրհաժեշտություն է


*


միմիայն բացականչականին
չեմ հանդուրժում
մանավանդ
երբ այն ընդամենը նախշազարդ է
բանաստեղծության հավակնություն ունեցող գրվածքում


*


ավելի հեշտ է
բանաստեղծության մասին մտմտալը
քան բանաստեղծություն գրելը


*


ավելի հեշտ է
բանաստեղծության մասին մտմտոցը
բանաստեղծություն դարձնելը
քան բանաստեղծություն գրելը


*


ավելի հեշտ է
բանաստեղծություն գրելը
քան մեղրամոմ կուլ տալը


*


չեն ազդվում միայն
մեռած բանաստեղծները


*


նրա սիրած զբաղմունքը
բանաստեղծություն գաղտնալսելն է


*


էս պատկերը
մեծահոգաբար նվիրում եմ
կարող եք հանգիստ օգտագործել


անկառավարելի հետույքով կին


*


մեկ բանաստեղծություն գրելու
մեկ բանաստեղծություն  լռելու համար
արժե այս կյանքը ապրել


*


եթե չեմ կետադրում
դեռ չի նշանակում
թե կետադրել չգիտեմ
թեկուզև հոտառությամբ


*


ինչ փառահեղ ժամանակներ են
գրականության համար
հատկապես արձակի
գլխավորապես արձակի
ախ արձակի համար


*


ի՞նչ երազներ են տեսնում
դիահերձողը
գերեզմանափորը
մեռելի վրա կարդացող տերտերը

*
երեխաները
ավելի սիրելի և թանկ են
քնած ժամանակ


*
քայլելիս
փող գտնելու զգացողությունը
ցանկությունը
ուսանողական տարիներից սկսած
այդպես էլ ինձ չլքեց


*
աներանքդ
որ մեղու են պահում
կինդ ավելի քաղցրանում է


թեստ


էսօր մեր էպոսն իմ մեջ էր
ու ես էպոսի զուլալ ջրերում էի
ու հանկարծ գլխի ընկա որ ամեն օր
մեր մարմինների վրա նա բդի թափվի
ու թե հանկարծ մնացինք անտարբեր
ու թե հանկարծ չարացաք
կամ այլայլվեցինք
տի էլնի մեր դեմ Սասնա Դավիթ
տի էլնի մեր դեմ Թուր Կեծակին

ծակ կոշիկներ


համբերատար
առանց թնկթնկալու անցնել օգոստոսով
երբ հետևում մնացին հունիսը և հուլիսը


*
գրողի տարած
մանրմունր քարեր
ջրափոսեր


*
ինչ-որ մի տեղ
մի անկյունում
անհարմար չգնդակահարվել
ինչպես Հրանտ Դինքը

*
ինձ կփրկի
Դավթի երկաթի տրեխները


*


կոշիկներս էլի ծակվել են
էս անգամ վրայից
բթերի կողմից


ես համառաբար հագնում եմ
քանզի բնականից
էլի անցքեր կան
ու բնավ մաշված են


եթե պատռված ջինսեր կան
ինչու՞ չլինեն
պատռված կոշիկներ


*


էս տեքստը Վարդս է հորինել
ու մեկ-մեկ խառնիփնթոր արտասանում է


մերժիր պապային
մերժիր մամային
մերժիր Նարեին
մերժիր Գոհարին
մերժիր Սիլոյին / մամն է /
մերժիր Գաթա տատին/ մայրս է/
մերժիր Աշոտ պապին / աներս է/
մերժիր Դավթին /մորաքրոջ որդին է/
մերժիր Հակոբին /ազգակցական կապը անհայտ է չգիտեմ ով է/

*


բկլատ եմ ինչ է
չսովորեցի մարդավարի խմել
հակառակի պես խմիչքն էլ շատ էր


սկզբից
չաչա խմեցինք
հետո
սահուն կերպով
ես անցա գարեջրի
հետո
կտրուկ հարձակվեցի վիսկու վրա
հետո
օղի էի խմում
գարեջուր վիսկի


կեսգիշերին
ինչպես միշտ
արթնացա ինձնից զզվելով
ու հաստատ որոշեցի այլևս չխմել


ու մարմինս թվում էր
հինավուրց ու լքված մի նավ
որ դանդաղ ճոճվում էր մշուշի մեջ
հատակը ճռնինչով քսելով  
մահվան խութերին

*


Ստանիսլավ Եժի Լե՞ց
թե Ստանիսլավ Յեժի Լեց
ո՞րն է հայերեն ավելի ազնիվ


աղոտ զգում եմ
առաջինը ճիշտ է
բայց ինձ
երկրորդն է շատ դուր գալիս


գոնե
հնչյունաբանությունում
մահացու մեղք չլինի


*


և ամեն օր
անտանելի ծանր կանխազգացումով
գնալ քնելու


ծեր ծնողներիցդ մեկը
հանկարծ գիշերվա կեսին
լացակումած կզանգի

*


անասելի տխուր է
տիրոջ կողմից վռնդված
կողերը փոս ընկած
շանը հետևելը
գյուղից եկել է քաղաք
հայտնել շենքերի արանքում
ու չգիտի իր անելիքը
սիրտ մաշեցնելու չափ տխուր է
իր անբաժան նմշահոտով
հիշողություններով
մահվան դուռը չգտնող
հարազատները կորցրած
բոլորի կողմից լքված ծերը


ու ինչ տխուր է
աստված իմ
մոռացված ու մոլախոտերով ծածկված գերեզմանը

*


առավոտը
գերեզմանատանը
մի ցմփոր ու քաչալ բիձուկ
իր մարմինն էր քրտնփչած մարզում


*


էս քանի տարի էլ
էնքան գնացի-եկա գերեզմանատներով
որ ննջեցյալններն արդեն
հին ծանոթներ են թվում
ու քանի գնում
հստակորեն
անդրաշխարհից պուճուր մի ճեղք եմ նշմարում
որն իմ չքնաղ մարմնով է փակվելու


*


ինչո՞վ եմ տարբերվում
գերեզմանատներից սնվող խղճուկներից
երբ տերտերի խոսքին զուգահեռ
հանգուցյալին փոսը իջեցնելուն զուգընթաց
մտածում եմ
թե որտեղ են տալու հոգեհացը
խաշլամեն լավ մսից կէղնի՞

*


Գագիկ Սարոյանի բերած
Վաղուհասի սև սալորի օղին
չափից դուրս թունդ օղին
իր գրական հերոսին
իր խորհուրդով խմեցի
համտեսելով վարունգ ու մեղր
ընդորում Կապսի
առանձնապես հրաշք չկատարվեց
դրախտի դռները միանգամից չբացվեցին
Հարդագողի ճանապարհով չսավառնեցի
բայց մի երկու ժամ
լրիվ անմահ էի

*
սրտիս ուզած
սեփական գործս
հենց դրեցի
մեր թաղի բոլոր քամիներին
կանչելու եմ մոտս աշխատանքի


նույնիսկ էս ամռան շոգին
տնաշեններն անդուլ բանում են
ու ոչինչ
որ գիշերները
իրենց դխկոց-շխկոցով
կտուրների համը հանում եմ
ծառերի մաշկը դաղում են
ու ոչինչ որ ինձնից
առավել աննպատակ են


գործի ժամերին կզվռնենք
ընդմիջումներին քամի կանենք

միջօրեի սահանքներից անդին


միջօրեի սահանքներից անդին
ծղրիդների օթյակներին մերձ
քամու թավուտներն են սկսվում


առավոտի շապիկն հագած
երիցուկի տեսիլքն իմ մեջ
խլվլալեն այնտեղ ես հոսեցի
ճաշակելու գիշերվա մոշուտները


օշինդր


հնչում է որպես
դիցաբանական զորեղ հերոսի անուն
կամ սրբազան պատերազմի մարտակոչ
կամ թաքնագիտության ինչ-որ խորհրդանիշի  նախշազարդ


փոքր ժամանակ
գաղտնի ծխելուց հետո
ափերովս ճզմում էի սերմերը
և ձեռքերս բուրում էին դառը դառը
բայց հաճելի


օշինդր տեսնելիս
նույն բանը
հիմա էլ եմ անում


խորդենի
                կնոջս որը դաժանորեն անտարբեր է
                աճեցրածս խորդենու նկատմամբ

հավատա
տարփանքի կիզակետում
մեր հրկիզվող մարմինների համար
խորդենու զով
մշտանորոգ բույրը
հույժ ամոքիչ կլինի


լորենի


համոզված եմ
աշխարհի արարումից
մինչև օրս
ամենայնի արարիչը
ամեն օր ամեն ժամ
բոլոր գործերը մի կողմ դրած
կատարելագործում նրբացնում է
լորենու բույրը


եթե
հուսալ աստծո արքայությունը
ապա միմիայն վասն լորենու

ճարճատուկ


այս բոցկլտուն քրոջ անունը
բերկրանքի մի անվերահսկելի ներսուզում է
խնդության մի անվերջ ծես
աստղերի ճշգրիտ տեղը
նրա ծաղկաբույլերով եմ սովորում

դաղձ


ես ինձ
չափից դուրս համեստ
էս եղբոր հետ եմ նույնականացնում
տեսքս առանձապես վատը չէ
ներաշխարհս էլ
բուրում է երկինքներ


հազարատերևուկ


բացարձակ է մարմնավորումդ
վերջնական
և այսօր ինձնից պրծում չկա
հատկապես
թունդ դեղին գմբեթներիդ ներքո
սրբազան հիմներ եմ բզզալու


հուլիս

                                      Աշոտ Ավդալյանին
կփորձեմ
էլ չասել հուլիս


կասեմ օշինդր
կասեմ ճարճատուկ
կասեմ խռնդատ


կասեմ
մեծ աղջիկս ծնվել է
ճարճատուկ ամսվա
տասնչորսերորդ օրը
կասեմ
օշինդր ամսին
զվարթունները երկիր են իջնում
և բուրում են լորենի
կասեմ
խռնդատ ամսին
առանձնահատուկ գնդի քամիների
թևատակերը խուտուտ տալու նպատակով
Ջաջուռ գնացի


կասեմ
որ ամռան պղինձները
քլթքլթում են օշինդրին
որ ակացիան
իր բուրմունքը
լեղապատառ մսխում է
ճարճատուկի սկզբներին
կասեմ
որ ծիծեռնակների սքանչացումը
սկսվում է խռնդատի տեղատարափներից
որ երկնքի մաշկը
իր լուրթին է հասնում
ճարճատուկի կեսերին


կասեմ օշինդր
կասեմ ճարճատուկ
կասեմ խռնդատ


թե համոզիչ չէ
կասեմ վարդավառ


*
անմնացորդ
նվիրեցի ինձ օգոստոսին


լափլիզեց
պատառոտեց


արևի շամփուրներից ծակծկված
շիկացած մարմիս
չի հանդարտվում


*


օգոստոսին ես սուզվեցի
արոսենու ցնծության ավազանը


*


կանաչի
մարդասիրական
կազդուրիչ շողարձակումը
օգոստոսին


*


օգոստոսին
երթուղայինում
ոչխարի պանրով
ու ծխեցրած սիգով
ինչ պակաս ահաբեկիչ եմ

*
սեպտեմբերյան մի գիշեր
հասկացա
որ թեպտև ողջ
բայց վաղուց մեռած եմ
ահա
մի քանի տարի էլ
գարնանը
սիրտս վարդի պես չի բացվում
և մարմինս չի լսում
մոտեցող աշնան
ոտնաձայները
հնարավոր է
ես ամեն օր
կամաց-կամաց մահացել էի
իմ անաստված առօրյայից
հարազատ քաղաքում
տանը
աշխատատեղում բանտված լինելուց
բացառված չէ նաև
որ աղքատությունը
դժվարությամբ մարվող վարկերը
և չնչին պարտքերը
ինձ մի քիչ սպանեցին
գուցեև
ալկահոլը ծխախոտը
քայքայվող լյարդս
և մազաթափվող ցայլքս
դանդաղորեն սպանեցին ինձ
ենթադրելի է
որ հայրենիքիս
արդեն ժամանակավոր իշխանությունը
ինձ սպանեց
նա մեռցնելու
հազար ու մի հնար գիտի
որոշակիորեն
հստակ
չեմ կարող ասել
թե ով կամ ինչը ինձ սպանեց


*


հոկտեմբերի լուսաբացներին
կռահեցի
որ մեջքի ցավը կարող է մուսա լինել
բայց չհասկացա
հոկտեմբերը մե՞ղր է
թե ընկույզ


*


անձրևների կեղեքումից առաջ
պայծառակերպությունը նոյեմբերի
թիթեռ է
որ գորովանքով
հանդարտորեն իջել է դեմքիս


*


դեկտեմբերին
քաղաքիս ցուրտը
հյուսիսներից եկած դյուցազուն է
անպարտելի մի փահլևան

*


լավագույն տողերը
ծիրանի և թթի մասին
ես եմ գրել
ըստ այդմ
ամեն տարի ինձ պետք է
անսահման քանաակությամբ
ծիրան և թութ նվիրաբերեն


գոնե
նրանցից ժայթքած օղիները


*


հոդերս բուժելու համար
ոչ թե ես պետք է
ծաղկից ծաղիկ անցնելով
հատ-հատ մեղուներ բռնեմ
այլ մեղուները
ի վերջո
պարտավոր են գլխի ընկնել
և դասակ առ դասակ
մեղմօրոր իջնելով
ձեռքերիս ու ոտքերիս
ազատագրվեն


*


խնձորի հեղումներից
տանձն եմ սիրում
ընդհուպ
ծիրանի անդրադարձումները
դեղձի պայծառակերպություններում
երբ այն խաղողի կենակցումից
մարմնավորում է սալորի


*


անհասկանալի մղում է
ամեն ինչ
վերածել բանատողի
անպայմանորեն
խցկել ինչ-որ բանաստեղծության մեջ
ինչը սարսափելի է
և ահավոր
ինչը հոգին փառավորում է
և ցնծության ճոճքով տարուբերում
ամեն գույն երանգ
շշուկ ու ձայն
միջատ թռչուն ծառ
քար ու թուփ
ամեն կեղտ
աղտեղություն ու աղետ
մահ փտում ու փթթում
ամեն ինչ ամեն ինչ
ամեն ինչ


*


թեկուզև
տան դիմացի ձորակում
թեկուզև ինչ-որ անտեր
խոպան դաշտում
հեռու
բոլոր բնակավայրերից
հեռու
բոլոր ճանապարհներից
ցանկացած եղանակին
բայց հատկապես ամռանը
ոչ մի գերեզմանատուն
ոչ մի բետոնապատ
տապանակիր գերեզմանափոս
ոչ մի լացուկոծ
ոչ մի հիշատակի օրեր
և խոսքեր


միջատներ ու թռչուններ
քամի ու արև
մարմինս ձեզ եմ կտակում


Երկու նկատառում` թե ինչու նախօրոք գրեցի այս փնթփնթոցները.
Առաջին.
կարող է՝ ես շատ երկար չապրեմ, ինչպես շարքի բիձուկը, որի անունից խոսում եմ, որը, իբր, ես եմ լինելու։ Այդ դեպքում ես պարզապես հնարավորություն չէի ունենա սա գրելու։
Երկրորդ.
եթե ես հասնեի այդ բիձուկի երանելի տարիքին, որ 40-50 տարի հետո է լինելու , ես հաստատ չէի գրի այս շարքը. ինչիս էր պետք:


Հ.Գ. 1
Ստացվում է` ես, ինչ-որ հրաշքով, այս փնթփնթոցները փրկել եմ չգոյությունից:
Հ.Գ. 2
Չգիտեմ, հետմահու բանաստեղծություններ գրե՞մ, թե ոչ:

ծերունական ենթադրվող փնթփնթոցներ

1.


մարմինս
այլևս տաք չէ
գոլ էլ չէ


ժամանակին
կրակս թեժությունս
ուղղակի բխում էին ափերիցս


ախ
ինչպես էր կինս
մարմանդ խարկվում
պեծին տալիս


2.


երկու տարի առաջ
ձախ աչքս փչացավ
աջին էլ փառ է իջնում


գիրք չեմ կարդում
լսում եմ


թեպետ
ականջներս մի հանգի
անիմաստ խշշում են


3.


գիշերները
հանգիստ խորը չեմ քնում


թեև
երբեք չեմ սիրել քնել
նաև ջահել օրերիս


անցած-գնացած ընկերներիս եմ մտաբերում
հարազատներիս կորսվող դեմքերը
մինչև լույս
կողքից կողք դառնալով
դեմքիս ձեռքերիս
ամեն օր ավելացող
բծերը ցաներն եմ հաշվում


4.


պառավիցս թաքուն
օրը երկու-երեք հատիկ
փստացնում եմ


տնաշենը
հոգեպահուստներս միշտ հայտանաբերում է
բայց ոչ բոլորը
հո հո
կեցցեն ամենահաս
ցմփոր բառարաններս


5.


մարմնիս մազերը
սպիտակեցին ու թափվեցին
թափվեցին ու սպիտակեցին


բացի
ճեփ-ճերմակ մորուքիցս
հա
հիմա մորուք է պահում
պառավս արդեն
դեմ չէ

6.


երկաշարժից
անցել է արդեն
յոթանասուն տարի


մի պուճուր ալիք
որ էն օրերից
ծվարեց իմ մեջ
մինչև հիմա
ցնցում ճեղքում է ինձ


7.


ոտքերս ուժասպառվել են
տոտիկ-տոտիկ եմ քայլում
երեկ կռացա
որ ընկած գրիչս վերցնեմ
չկարողացա բարձրանալ
կինս օգնության հասավ
չկարողացա բարձրանալ
հարևան պառավի հետ
փորձեցին
չկարողացա բարձրանալ
հազիվհազ չոքեչոք
բազմոցին հասա


ես ոչ թե քայլում էի
այլ սուրում
տրտինգ տալով ճխալով էի ընթանում
վարարած գետի պես
սփռվելով համատարած էի հոսում
ամեն ինչ կլանելով սանրելով
ներսումս փայփայելով էի քայլում


երկար տարիներ
մեր քաղաքի անհասանելի չեմպիոնն էի
ինչ քայլող էի
ինչ


8.


առավոտյան
կնոջս արհեստական ատամները պահեցի
ու իր բաժակի մեջ իմը գցեցի


ուղիղ հինգ րոպե
փորձում էր
ծնոտներին հարմարեցնել
չէր ստացվում


9.


երբեմն
մոռացվածիս այցելում են
ասում են
բանաստեղծներ են


գրականությունից չենք խոսում
խմում ենք
ես արդեն շատ քիչ
կումերով


միամիտ
անհեթեթ բաներ եմ ասում
նեղսրտած
հիասթափված հեռանում են


10.


ամողջ կյանքում
ոչ ինքնաթիռ նստեցի
ոչ նավով
օվկիանոսներ ու ծովեր ճեղեքեցի


սովետի ժամանակ
հորս հետ գնացքով Բելառուս գնացինք
ու վերադարձանք
երկու անգամ եղա Վրաստանում


աշխարհը ճանաչեցի
միմիայն երազներում


11.


մտածում եմ
ինչ դիրքով
դեմքի ինչ արտահայտությամբ
ինչ վերջին խոսքերով մահանամ
որ խեղճուկրակս շատ չվախենա


ճիշտը
ոտի վրա հեռանալն է
լուռ
ժպիտը դեմքիս
առանց հոգեվարքի ցնցումների
ծամածռությունների


մեկ օր առաջ կլողանամ
կմաքրվեմ
ջահել օրերիս պես
մի լավ կհարբեմ


12.


այլևս
շախմատ չեմ խաղում


խաղատախտակի վրա
հին խաղաքարերին
հիմա փոխարինում են
ճնշումս կարգավորող հաբերը
ախորժակս խթանող դեղաբույսերը
սրտիս առողջ ռիթմը
պահող կոճակները
լնդերիս  քսուքները
տեսնող աչքիս կաթիլները
գլխուղեղիս արյան շրջանառությունը
ապահովող դեղերը
ցավազրկողները  
քնաբերները
ջերմիջեցնողները


13.


երբ երեխեքը փոքր էին
ես ոչ աշխատանքային սենյակ ունեի
ոչ գրասեղան
իսկ ընդհանրապես
մենակ մնալու բախտավորություն


երբ երեխեքը փոքր էին
մեր տունը
մի իսկական գազանանոց էր
մի խելացնոր կրկես
շատ ընտանիքների պես
մի կերպ
ծերը ծերին հասցնելով էինք ապրում
երջանկություն էր
եթե ձմեռները չէինք մրսում
իսկ ընդհանրապես
եթե անոթի չէինք


երբ երեխեքը փոքր էին
մեր երկիրը մերը երկիրը չէր
մեր դաշնակիցը մեր դաշնակիցը չէր
մեր թշնամին մեր թշնամին էր
իսկ ընդհանրապես
մենք մեզ էինք ավելի թշնամի


երբ երեխեքը փոքր էին
Ադրբեջանը մեզ հետ տևական
հոգեմաշ պատերազմի մեջ էր
Թուրքիան դեռ ամբողջական էր
չէր տրոհվել նոր պետությունների
իսկ ընդհանրապես
աշխարհը վերաձևում էր


երբ երեխեքը փոքր էին
բնավ ծեր չէինք
ուրախ էինք
կյանքով լեցուն
իսկ ընդհանրապես
շատ չէինք փնթփնթում


հայկական ժողովրդական բանաստեղծություններ
                                            / Շիրակ /

1.


կէղնի չի էղնի
մե անպետք
մե այլանդակ
մե անբախտ
մե պարապ
մե բլնգած
բանաստեղծությունըմ կէղնի

2.

կէղնի չի էղնի
մե չքնաղ
մե նախշուն
մե կամար ունքերով
մե վարդահամ պռոշներով
մե կարմրաթույր թշներով
մե կարկաչուն ձենով
մե սիփ-սիպտակ ատամներով
մե խաժ աչքերով
մե աբրեշումե մազերով
մե թրթռուն ծծերով
մե խելացնոր թևատակերով
մե կրքահարույց զիստերով
մե հեզաճկուն մարմնով
մե հուրի-փուրի
մե անապակ
բանաստեծությունըմ կէղնի
օր արեգակին կըսե
դու դուրս մի արի
ես արդեն էկել եմ


3.

կար չկար
ավելի շատ չկար
մե ռանչպար բանաստեղծըմ կար
էս խելքի պուտուկը
համ թերթի խմբագիր էր
համ լրագրող
համ լուսանկարիչ
համ մեղվապահ էր
համ այգեպան
համ խաշնարած
համ գործարար էր
համ բարեգործ
համ խաս քծնող
տարին մեկ
էս մեր բեմուրազ բազմաբեղունը
մե պատուհաս գիրքըմ էր ցնկնում


4.


ժուկով ժամանակով
յոթ ծովերից էն կողմ
յոթ մենծ սարերի մեջ
մե անբախտ թագավորությունըմ կար


իրեք դև ախպեր
դև հորից մեկ
բոզ մերերից ջոկ
էկել իսկական թագավորին ըսպանել
իրենց տեր ու տիրական էին հռչակել


սոնք աշխարհիս ամենագեշ
ամենադաժան
ամենաանկուշտ
մե կաթըմ գութ չունեցող դևերն էին
համ քոռ էին
համ թոփալ
համ քաչալ
համ քոսոտ էին
համ խլնքոտ
համ ոջլոտ
համ թլիկ էին
համ կուզիկ
համ լոզոտ


թագավորության
լավ հողերը արոտները
դաշտերը լճերը գետերը
սառնորակ աղբուրները
հացի ամբարները սոնցն էին
խաս ձիերը
ճերմակաբուրդ ոչխարները
պարարտ արջառները ցլերը խոյերը
յուղն ու մեղրը
պանիրն ու գինին
խաղողն ու ծիրանը սոնցն էին
անարատ աղջկերքը
անմարդ կնկտիք սիրուն կնկտիք
կոլոտ ու բոյով կնկտիք սոնցն էին
ճամփեքը
ճամփեքի առուտուրը
անտառները
անտառների գել ու գազանը
որսատեղիները որսը
սարերն ու ձորերը սոնցն էին
պանդոկները իջևանատները
խանութները կրպակները
ամառանոցները պալատները
տաճարները վանքերը սոնցն էին
դատավորները ոստիկանները
ավազակները դահիճները սոնցն էին
բիլա հեքիաթի
իրեք խնձորները սոնցն էին


ու մենծ սով էղավ
ահավոր ցավ-հիվանդություն էղավ
զրկանք որբություն լաց ու կոծ էղավ
ժաժք ջրհեղեղ պատերազմ էղավ
պանդխտություն  փախեփախ արտագաղթ էղավ


ու փառք տանք աստծուն
որ էս անցքերը
մեր թագավորության հետ չէղավ


Գրառումներ


Րաֆֆու ժամանակներից սկսած ամենակենսունակ համքարությունները գրականամերձ շինիչ ջոկատներն են


*


Ժամանակակից հայ գրողները բաժանվում են 2 խմբի
երևանածին երևանամերձ գրողների խումբ ու մնացած մանրմունր թյուրիմացությունների խումբ

*

բացառված չէ որ գրագողությունը համայնական անպարփակ գրի նկատմամբ բուռն սիրո գիտակցական կամ անգիտակցական դրսևորում լինի

*

մեր գրականության ինքնամաքրման մեխանիզմները աշխատում են բավականաչափ ի հարկե դանդաղ հոգեմաշ սակայն աշխատում են

*
օրուելյան


բոլոր բանաստեղծներն էլ տաղանդավոր են սակայն որոշ բանաստեղծներ ավելի տաղանդավոր են

*
ավելի հեշտ է ոստոտ գերանից մի փչան պարծենկոտ երկարաքիթ մարդուկ տաշելը քան ինքնահավան սնապարծ գրչակից բանաստեղծի նման մի բան ձևելը 
երդվում եմ ցախեսի շարիկովի ու ֆրանկենշտայնի արևներով
*
Հակոբ Մովսեսի սխրանքներից մեկը
նա ուղղակիորեն պայթեցրեց մեր բանաստեղծության ավգյան ախոռը


*
աշխարհում ամենատխուր մարդը չճանաչված ու չգնահատված բանաստեղծն է 
Գյումրիում մեկ-երկուսին ճանաչում եմ
որպես կանոն չափից դուրս ջղայնացնելու աստիճան նրանք համեստ են ու ծույլ


*
շինծու բանաստեղծությունն արհեստական ծաղիկների պսակ է
շինած բանաստեղծությունը բնական ծաղիկների
երկուսն էլ փուչ են և անիմաստ 
ու այդ պսակները հենց կենդանության օրոք զարդարում են այդպիսի բանաստեղծություններ բստրող բանաստեղծների շիրմաքարերը


*
100 տարի անց էլ Չարենցը դեռ կործանում է ու մաքրում


*
միջակությունները երբեք չեն կասկածում

*
բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների անխափան ու լիարժեք աշխատանքը  
բայց ես կառանձնացնեմ աչքերը  
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր ունեցողը տեսողության հետ խնդիրներ ունեցողը կամ կույրը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը աչքերն են
բանաստեղծությունը տեսանելի է դառնում բանաստեղծին հիմնականում աչքերով
սակայն գերազանց տեսողություն ունեցող մեկը որը տեսանող չէ  չի կարող լինել բանաստեղծ


*


բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների անխափան ու լիարժեք աշխատանքը  
բայց ես կառանձնացնեմ ոտքերը  
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր ունեցողը քայլելու հետ հավես չունեցողը ոտքեր չունեցողը կամ կաղը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը ոտքերն են
բանաստեղծությունը հասանելի է դառնում բանաստեղծին հիմնականում ոտքերով


*


բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների անխափան ու լիարժեք աշխատանքը  
բայց ես կառանձնացնեմ ձեռքերը
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր ունեցողը շոշափելը բացարձակ կրոն չհամարողը կամ կռնատը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը ձեռքերն են
բանաստեղծությունը շոշափելի է դառնում բանաստեղծին հիմնականում ձեռքերով


*


բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների անխափան ու լիարժեք աշխատանքը  
բայց ես կառանձնացնեմ քիթը  
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր ունեցողը  նուրբ գերզգայուն հոտառություն չունեցողը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը քիթն է
բանաստեղծությունը հոտոտելի է դառնում բանաստեղծին հիմնականում քթով


*
բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների անխափան ու լիարժեք աշխատանքը  
բայց ես կառանձնացնեմ ականջները
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր ունեցողը լավ լսողություն չունեցողը կամ խուլը չի կարող  բանաստեղծ լինել
ամենակարևորը ականջներն են
բանաստեղծությունը լսելի է դառնում բանաստեղծին հիմնականում ականջներով
նաև հավելեմ որ անթերի լսողություն բայց ձայներ չլսող ինչ-որ մեկը չի կարող լինել բանաստեղծ


*


բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների անխափան ու լիարժեք աշխատանքը  
բայց ես կառանձնացնեմ լեզուն  
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր ունեցողը համային զգացողություն կամ նուրբ քիմք չունեցողը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը լեզուն է
բանաստեղծությունը  ճաշակելի է դառնում բանաստեղծին հիմնականում լեզվով


*


միանշանակ այն բանաստեղծությունը
որը տեսանելի է հասանելի շոշափելի հոտոտելի լսելի ու կարծես թե ախորժելի


*
նոր ժամանակների մեր ժամանակների բանաստեղծությունների գերակշիռ մասը բառերով շինված բաբելոնյան աշտարակներ են
այնինչ մեզանից յուրաքանչյուրը
համբերատար գլուխը կախ պետք է իր տապանը կառուցի


*


ասում են բանաստեղծությունը ոչ մի կարևոր շոշափելի գործառույթ էլ չունի
շատերն են ասում
բայց ես այնպես կուզենայի որ բանաստեղծությունը գոնե հեղինակի համար լիներ ինքնազարգացման ճանապարհ
ինքնամաքրման հմայական խոսք
հոգևոր ներսուզման ավազան
կյանքի դժվարությունները դժբախտությունները շրջանցող ճեղքող անցագիր
նյութական իրական ու անիրական երևացող ու աներևույթ պատրանքներից ազատագրող պահպանակ
աստծո հետ բացարձակ սիրո փոխհարաբերության գրավական ու բերկրանք
աստվածային վերանցական ժամանցների տարածություն


*


լավ գրողի քո գրողի հավատարիմ ընթերցող լինելը պատվաբեր է գնահատանքի արժանի
էլ չասեմ որ խիստ շոյիչ է

*


բանաստեղծի կարևորագույն առաքելությունն է աստծո փառաբանումը և արարչագործության գովաբանումը
մեծերից ուզում եմ փնտրել մեկին որը անհավատ է եղել չեմ կարողանում


*


գոնե բանաստեղծությունը սերիական արտադրության առարկա չպետք է լինի
հարահոսով գրված բանաստեղծական շարքը շատ լավ շարքը որքան որ գայթակղիչ է այնքան էլ անվերահսկելի է իսկ ընթերցողի համար նաև հոգնեցուցիչ
տարբեր կաղապարների մեջ լցնել նույն պատկերները նույն հույզերը նույն բառաշերտը նույն հնարքները նույն վերաբերմունքը ահա սա է բանաստեղծության սերիական արտադրությունը
այսինքն թե շաբլոնով գրված բանաստեղծությունը

*


բանաստեղծությունն ախր ոչ պատմական գեղարվեստական ֆիլմ է ոչ էլ փաստավավերագրություն որ ասենք ինչ-որ դեպքերի հիման վրա նստես ու բանաստեղծություն գրես-նկարահանես
նկատի ունեմ ապրիլյան դեպքերը զոհված տղաների հերոսական դրվագները թավշյա հեղափոխությունը
չգիտեմ ինչու ինձ թվում է որ նմանատիպ բանաստեղծություն գրելու հիմնական նպատակը ամեն գնով մեծ լսարան ունենալու անզուսպ նկրտումն է ինչն ամենևին էլ ազնիվ բան չէ
բացառություն են մեկ-երկու բանաստեղծություն որ հաղթահարել են նման տեքստերին բնորոշ պաթետիկան ու չեն հնչում որպես մերկապարանոց լացացնող բաժակաճառեր

*


թեթև քաշային բանաստեծությունը հեշտ է մարսվում այսինքն այն մարսված էլ մատուցվում է
ծանր քաշայինը հոգս է ոչ միայն իրեն չգիտես ինչու արարողի համար այլ նաև խեղճ ընթերցողի բկին է կանգնում


*


բանաստեղծությունը ստեղծվել է ու կա մարդու համար և ոչ թե մարդն է ստեղծվել բանաստեղծության համար
թեպետ արևի տակ ապրելու իրավունք ունի նաև հակառակ միտքը
ինչն ասեմ ինձ ավելի գայթակղիչ ու հրապուրիչ է թվում
ու կուզենայի կյանքիս մնացած տարիներն անցնեին այդ սրբազան տրամաբանության մեջ


*


բանաստեղծը իր հատորները պետք է տպագրի հետո այսինքն հետմահու
թե չէ կենդանության օրոք ինչպես կասեր դասականը սիրուն չէ


*


ազդեցությունն ինչ-որ տարիքում անհրաժեշտ է ինչ-որ տարիքում կազդուրիչ և ինչ-որ տարիքում վնասակար ժամանակակից իրանական պոեզիան կարող է շատերի համար տապանաքար լինել


*


օրինաչափ է երբ ինչ-որ բանաստեղծի պոետիկայից ազդվում են նրանից տարիքով փոքրերը և նրա ուղեկիցները
բայց չեմ հասկանում և արդյոք օրինաչա՞փ է երբ նրանից ազդվում են ավագները
թե՞ ստեղծագործելն ընդհանուր առմամբ  ազդեցությունների մի փունջ է ու տարիքը հեչ կարևոր չէ
նաև հաստատ գիտեմ որ ազդվելը շնորհքի տաղանդի պակասությունից չէ
ազդվում են նաև օժտվածները վաղուց անուն հանածները գուցե պատահականորեն գուցե ոչ
Հակոբ Մովսեսը ճշգրտորեն բնութագրել է նման բանաստեղծներին նրանց անվանելով մակաբույծներ
իսկ ես բնորոշումն ավելի խստացնելով կասեի վամպիր-բանստեղծներ
այո որքան էլ նրանք լավ գրեն վաղ թե ուշ նրանց ստեղծագործություններում ակնհայտորեն զգացվելու է մեկ ուրիշի արյան բաղադրությունը


*


էպոսը երբեք չպետք է ընդհատվի այն մեկանգամյա տրվածություն չէ
հավերժորեն պիտի թարմացվի լրացվի մշակվի ու ասացվի
Թումանյանը Իսահակյանը Չարենցը դա շատ լավ հասկացել-զգացել են
երևի արդեն ժամանակն է որ մեր ասացողները այսինքն թե բանաստեղծները այս ուղղությամբ քայլեր  անեն
թեպետ շատ անհանգստանալ էլ պետք չէ էպոսը ինքը կգտնի-կմատնանշի իր նվիյալին








No comments:

Post a Comment