5/5/15

Գարնանային անձրև տեղա

Գարնանային անձրև, տեղա,
Մի երկմտիր,
Գուցե խախտես հավասարակշռությունը
Իմ մեջ ամբարված ծով-արցունքի,
Եվ այն թափվի, հեղվի.
Ճահճացել է ներսումս արդեն,
Ես նեխվում եմ:

Գորշ երկինք՝ ամպոտ-զամպոտ,
Նմանակն ես կարծես հոգուս:
Պտտահողմ, խնդրում եմ քեզ,
Պոկիր, հանիր
Ծանրացած տխրությունը:
Կայծակ, խփիր, փշրիր կերտվածքն
Այդ ապարդյուն:

Ծիծեռնակներ, հյուսեք ճոճցանց,
Գամ թալկանամ՝
Հոգնել եմ ես:
Գորտեր, լռեք,
Այսօր ի զորու չեմ
Ընկալելու համերգը ձեր:

Արագիլ, թող քեզ համար
Հոգիս լինի թխսատեղի:
Հուր ոտքերդ թող հրդեհեն,
Ողջակիզեն իմ մարմինը
Դեպի Լույսը:


Տեղա, տեղա, անձրև գարնանային...

No comments:

Post a Comment