9/24/18

բանաստեղծություն գրելու ձենը

գրական փուչիկ մի փչեք
մեղք է
*
տիեզերքի ստեղծման համար
արարիչը մրցանակ չի ստացել
*
խթանիչներից միայն
բառի խեժահոտը
*
բառերի իմ հավաքածուում
ամենաթրթռուն կյանքով լեցուն
ազատագրված բառը
խանդաղատանքն է
*
այս բանաստեղծության
առաջին մի քանի տողը ավելորդ է
մյուսի վերջին մի քանի տողը
երրորդի դեպքում միջնամասերը
չորրորդի դեպքում տողերն ամբողջությամբ
 բանաստեղծություն գրելու ձենը
առաջին հնգամյակում
երկարաշունչ ծավալուն
բանաստեղծություններ գրեք
երկրորդում կարճ ու համառոտ
հետո բառերով գրեք
*
բանաստեղծական պատկերները
բանաստեղծական բառերը
բանաստեղծությանը հակացուցված են
*
ծեքծեքուն բանաստեղծներին
բծախնդրորեն
ու մանրակրկիտ ճիպոտելը
կազդուրիչ անրհաժեշտություն է
*
Րաֆֆու ժամանակներից սկսած ամենակենսունակ համքարությունները գրականամերձ շինիչ
ջոկատներն են
*
բացառված չէ որ գրագողությունը համայնական անպարփակ գրի նկատմամբ բուռն սիրո
գիտակցական կամ անգիտակից դրսևորում լինի
*
մեր գրականության ինքնամաքրման մեխանիզմներն աշխատում են իհարկե բավականաչափ դանդաղ
հոգեմաշ սակայն աշխատում են
*
ավելի հեշտ է ոստոտ գերանից մի փչան պարծենկոտ երկարաքիթ մարդուկ տաշելը քան ինքնահավան
սնապարծ գրչակից բանաստեղծի նման մի բան ձևելը
երդվում եմ ցախեսի շարիկովի ու ֆրանկենշտայնի արևներով
*
աշխարհում ամենատխուր մարդը չճանաչված ու չգնահատված բանաստեղծն է
Գյումրիում մեկ-երկուսին ճանաչում եմ
որպես կանոն չափից դուրս ջղայնացնելու աստիճան նրանք համեստ են ու ծույլ
*
շինծու բանաստեղծությունն արհեստական ծաղիկների պսակ է
շինած բանաստեղծությունը բնական ծաղիկների
երկուսն էլ փուչ են և անիմաստ
ու այդ պսակները հենց կենդանության օրոք զարդարում են այդպիսի բանաստեղծություններ բստրող
բանաստեղծների շիրմաքարերը
*
100 տարի անց էլ Չարենցը կործանում է ու մաքրում
*
միջակությունները երբեք չեն կասկածում
*
բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների
անխափան ու լիարժեք աշխատանքը
բայց ես կառանձնացնեմ աչքերը
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր
ունեցողը տեսողության հետ խնդիրներ ունեցողը կամ կույրը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը աչքերն են
բանաստեղծությունը տեսանելի է դառնում բանաստեղծին հիմնականում աչքերով
սակայն գերազանց տեսողություն ունեցող մեկը որը տեսանող չէ չի կարող լինել բանաստեղծ
*
բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների
անխափան ու լիարժեք աշխատանքը
բայց ես կառանձնացնեմ ոտքերը
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր
ունեցողը քայլելու հետ հավես չունեցողը ոտքեր չունեցողը կամ կաղը չի կարող բանաստեղծ
լինել
ամենակարևորը ոտքերն են
բանաստեղծությունը հասանելի է դառնում բանաստեղծին հիմնականում ոտքերով
*
բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների
անխափան ու լիարժեք աշխատանքը
բայց ես կառանձնացնեմ ձեռքերը
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր
ունեցողը շոշափելը բացարձակ կրոն չհամարողը կամ կռնատը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը ձեռքերն են
բանաստեղծությունը շոշափելի է դառնում բանաստեղծին հիմնականում ձեռքերով
*
բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների
անխափան ու լիարժեք աշխատանքը
բայց ես կառանձնացնեմ քիթը
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր
ունեցողը նուրբ գերզգայուն հոտառություն չունեցողը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը քիթն է
բանաստեղծությունը հոտոտելի է դառնում բանաստեղծին հիմնականում քթով
*
բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների
անխափան ու լիարժեք աշխատանքը
բայց ես կառանձնացնեմ ականջները
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր
ունեցողը լավ լսողություն չունեցողը կամ խուլը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը ականջներն են
բանաստեղծությունը լսելի է դառնում բանաստեղծին հիմնականում ականջներով
նաև հավելեմ որ անթերի լսողություն բայց ձայներ չլսող ինչ-որ մեկը չի կարող լինել
բանաստեղծ
*
բանաստեղծի համար շատ կարևոր է մարմնի բոլոր մասերի զգայարանների օրգանների
անխափան ու լիարժեք աշխատանքը
բայց ես կառանձնացնեմ լեզուն
նաև չեմ պնդի թե ինչ-որ մարմնական թերություն ունեցողը առողջական շատ լուրջ խնդիր
ունեցողը համային զգացողություն կամ նուրբ քիմք չունեցողը չի կարող բանաստեղծ լինել
ամենակարևորը լեզուն է
բանաստեղծությունը ճաշակելի է դառնում բանաստեղծին հիմնականում լեզվով
*
միանշանակ այն բանաստեղծությունը
որը տեսանելի է հասանելի շոշափելի հոտոտելի լսելի ու կարծես թե ախորժելի

հայկական ժողովրդական բանաստեղծություններ

հայկական ժողովրդական բանաստեղծություններ
/ Շիրակ /
1.
կէղնի չի էղնի
մե անպետք
մե այլանդակ
մե անբախտ
մե պարապ
մե բլնգած
բանաստեղծությունըմ կէղնի
2.
կէղնի չի էղնի
մե չքնաղ
մե նախշուն
մե կամար ունքերով
մե վարդահամ պռոշներով
մե կարմրաթույր թշներով
մե կարկաչուն ձենով
մե սիփ-սիպտակ ատամներով
մե խաժ աչքերով
մե աբրեշումե մազերով
մե թրթռուն ծծերով
մե խելացնոր թևատակերով
մե կրքահարույց զիստերով
մե հեզաճկուն մարմնով
մե հուրի-փուրի
մե անապակ
բանաստեծությունըմ կէղնի
օր արեգակին կըսե
դու դուրս մի արի
ես արդեն էկել եմ
3.
կար չկար
ավելի շատ չկար
մե ռանչպար բանաստեղծըմ կար
էս խելքի պուտուկը
համ թերթի խմբագիր էր
համ լրագրող
համ լուսանկարիչ
համ մեղվապահ էր
համ այգեպան
համ խաշնարած
համ գործարար էր
համ բարեգործ
համ խաս քծնող
տարին մեկ
էս մեր բեմուրազ բազմաբեղունը
մի պատուհաս գիրք էր ցնկնում
4.
ժուկով ժամանակով
յոթ ծովերից էն կողմ
յոթ մենծ սարերի մեջ
մե անբախտ թագավորությունըմ կար
իրեք դև-ախպեր
դև-հորից մեկ
բոզ մերերից ջոկ
էկել իսկական թագավորին ըսպանել
իրենց տեր ու տիրական էին հռչակել
սոնք աշխարհիս ամենագեշ
ամենադաժան
ամենաանկուշտ
մե կաթըմ գութ չունեցող դևերն էին
համ քոռ էին
համ թոփալ
համ քաչալ
համ քոսոտ էին
համ խլնքոտ
համ ոջլոտ
համ թլիկ էին
համ կուզիկ
համ լոզոտ
թագավորության
լավ հողերը արոտները
դաշտերը լճերը գետերը
սառնորակ աղբուրները
հացի ամբարները սոնցն էին
խաս ձիերը
ճերմակաբուրդ ոչխարները
պարարտ արջառները ցլերը խոյերը
յուղն ու մեղրը
պանիրն ու գինին
խաղողն ու ծիրանը սոնցն էին
անարատ աղջկերքը
անմարդ կնկտիք սիրուն կնկտիք
կոլոտ ու բոյով կնկտիք սոնցն էին
ճամփեքը
ճամփեքի առուտուրը
անտառները
անտառների գել ու գազանը
որսատեղիները որսը
սարերն ու ձորերը սոնցն էին
պանդոկները իջևանատները
խանութները կրպակները
ամառոնոցները պալատները
տաճարները վանքերը սոնցն էին
դատավորները ոստիկանները
ավազակները դահիճները սոնցն էին
բիլա հեքիաթի
իրեք խնձորները սոնցն էին
ու մենծ սով էղավ
ահավոր ցավ-հիվանդություն էղավ
զրկանք որբություն լաց ու կոծ էղավ
ժաժք ջրհեղեղ պատերազմ էղավ
պանդխտություն փախեփախ արտագաղթ էղավ
ու փառք տանք աստծուն
որ էս անցքերը
մեր թագավորության հետ չէղավ

2/19/18

ծերունական ենթադրվող փնթփնթոցներ

Երկու նկատառում, թե ինչու նախօրոք գրեցի այս փնթփնթոցները.
Առաջին.
կարող է՝ ես շատ երկար չապրեմ, ինչպես շարքի բիձուկը, որի անունից խոսում եմ, որը, իբր, ես եմ լինելու։ Այդ դեպքում ես պարզապես հնարավորություն չէի ունենա սա գրելու։
Երկրորդ.
եթե ես հասնեի այդ բիձուկի երանելի տարիքին, որ 40-50 տարի հետո է լինելու, ես հաստատ չէի գրի այս շարքը. ինչիս էր պետք:
Հ.Գ. 1
Ստացվում է` ես, ինչ-որ հրաշքով, այս փնթփնթոցները փրկել եմ չգոյությունից:
Հ.Գ. 2
Չգիտեմ, հետմահու բանաստեղծություններ գրե՞մ, թե ոչ:


ծերունական ենթադրվող փնթփնթոցներ
1.
մարմինս
այլևս տաք չէ
գոլ էլ չէ
ժամանակին
կրակս թեժությունս
ուղղակի բխում էին ափերիցս
ախ
ինչպես էր կինս
մարմանդ խարկվում
պեծին տալիս

2.
երկու տարի առաջ
ձախ աչքս փչացավ
աջին էլ փառ է իջնում
գիրք չեմ կարդում
լսում եմ
թեպետ
ականջներս մի հանգի
անիմաստ խշշում են

3.
գիշերները
հանգիստ խորը չեմ քնում
թեև
երբեք չեմ սիրել քնել
նաև ջահել օրերիս
անցած-գնացած ընկերներիս եմ մտաբերում
հարազատներիս կորսվող դեմքերը
մինչև լույս
կողքից կողք դառնալով
դեմքիս ձեռքերիս
ամեն օր ավելացող
բծերը ցաներն եմ հաշվում

4.
պառավիցս թաքուն
օրը երկու-երեք հատիկ
փստացնում եմ
տնաշենը
հոգեպահուստներս միշտ հայտանաբերում է
բայց ոչ բոլորը
հո հո
կեցցեն ամենահաս
ցմփոր բառարաններս

5.
մարմնիս մազերը
սպիտակեցին ու թափվեցին
թափվեցին ու սպիտակեցին
բացի
ճեփ-ճերմակ մորուքիցս
հա
հիմա մորուք եմ պահում
պառավս արդեն
դեմ չէ

6.
երկաշարժից
անցել է արդեն
յոթանասուն տարի
մի պուճուր ալիք
որ էն օրերից
ծվարեց իմ մեջ
մինչև հիմա
ցնցում ճեղքում է ինձ

7.
ոտքերս ուժասպառվել են
տոտիկ-տոտիկ եմ քայլում
երեկ կռացա
որ ընկած գրիչս վերցնեմ
չկարողացա բարձրանալ
կինս օգնության հասավ
չկարողացա բարձրանալ
հարևան պառավի հետ
փորձեցին
չկարողացա բարձրանալ
հազիվհազ չոքեչոք
բազմոցին հասա
ես ոչ թե քայլում էի
այլ սուրում
տրտինգ տալով ճխալով էի ընթանում
վարարած գետի պես
սփռվելով համատարած էի հոսում
ամեն ինչ կլանելով սանրելով
ներսումս փայփայելով էի քայլում
երկար տարիներ
մեր քաղաքի անհասանելի չեմպիոնն էի
ինչ քայլող էի
ինչ

8.
առավոտյան
կնոջս արհեստական ատամները պահեցի
ու իր բաժակի մեջ իմը գցեցի
ուղիղ հինգ րոպե
փորձում էր
ծնոտներին հարմարեցնել
չէր ստացվում

9.
երբեմն
մոռացվածիս այցելում են
ասում են
բանաստեղծներ են
գրականությունից չենք խոսում
խմում ենք
ես արդեն շատ քիչ
կումերով
միամիտ
անհեթեթ բաներ եմ ասում
նեղսրտած
հիասթափված հեռանում են

10.
ամողջ կյանքում
ոչ ինքնաթիռ նստեցի
ոչ նավով
օվկիանոսներ ու ծովեր ճեղեքեցի
սովետի ժամանակ
հորս հետ գնացքով Բելառուս գնացինք
ու վերադարձանք
երկու անգամ եղա Վրաստանում
աշխարհը ճանաչեցի
միմիայն երազներում

11.
մտածում եմ
ինչ դիրքով
դեմքի ինչ արտահայտությամբ
ինչ վերջին խոսքերով մահանամ
որ խեղճուկրակս շատ չվախենա
ճիշտը
ոտի վրա հեռանալն է
լուռ
ժպիտը դեմքիս
առանց հոգեվարքի ցնցումների
ծամածռությունների
մեկ օր առաջ կլողանամ
կմաքրվեմ
ջահել օրերիս պես
մի լավ կհարբեմ

12.
այլևս
շախմատ չեմ խաղում
խաղատախտակի վրա
հին խաղաքարերին
հիմա փոխարինում են
ճնշումս կարգավորող հաբերը
ախորժակս խթանող դեղաբույսերը
սրտիս առողջ ռիթմը
պահող կոճակները
լնդերիս քսուքները
տեսնող աչքիս կաթիլները
գլխուղեղիս արյան շրջանառությունը
ապահովող դեղերը
ցավազրկողները
քնաբերները
ջերմիջեցնողները

13.
երբ երեխեքը փոքր էին
ես ոչ աշխատանքային սենյակ ունեի
ոչ գրասեղան
իսկ ընդհանրապես
մենակ մնալու բախտավորություն
երբ երեխեքը փոքր էին
մեր տունը
մի իսկական գազանանոց էր
մի խելացնոր կրկես
շատ ընտանիքների պես
մի կերպ
ծերը ծերին հասցնելով էինք ապրում
երջանկություն էր
եթե ձմեռները չէինք մրսում
իսկ ընդհանրապես
եթե անոթի չէինք
երբ երեխեքը փոքր էին
մեր երկիրը մերը երկիրը չէր
մեր դաշնակիցը մեր դաշնակիցը չէր
մեր թշնամին մեր թշնամին էր
իսկ ընդհանրապես
մենք մեզ էինք ավելի թշնամի
երբ երեխեքը փոքր էին
Ադրբեջանը մեզ հետ տևական
հոգեմաշ պատերազմի մեջ էր
Թուրքիան դեռ ամբողջական էր
չէր տրոհվել նոր պետությունների
իսկ ընդհանրապես
աշխարհը վերաձևում էր
երբ երեխեքը փոքր էին
բնավ ծեր չէինք
ուրախ էինք
կյանքով լեցուն
իսկ ընդհանրապես
շատ չէինք փնթփնթում

11/6/17

Հրավերք կամ ինչպես միշտ



Ինչպես միշտ, ես փորձում եմ գրել կամ, ավելի ճշգրիտ, պատմել իմ առաջին պատմվածքը: Գինով կամ,  ավելի ճշգրիտ,  օղիոտ Գագիկ Սարոյանը պարտադրեց, և ոչ միայն ինձ, ստորագրել պատմվածք գրելու պարտավորագիրը,  ժամկետ նշանակեց ու սահմանեց մրցանակը` սև գառ կամ ոչխար,  որ ինքն է զոհաբերելու:
Իմ պատմվածքը լինելու է Գյունտեր Գրասսի ոճով, մեթոդով: Նրան չեմ կարդացել, բացի մի քանի բանաստեղծություններից` ռուսերենով, ու դիտել եմ ընդամենը «Մետաղյ աթմբուկ» ֆիլմը:
Մխիթարականն այն է, որ մյուս պատմվածք մոգոնողները ևս չեն կարդացել նրան, ու ո±վ կարող է պնդել,  թե ես չեմ օգտագործել Գրասսի պոետիկան:
Մինչ մասակիցներին ու նրանց հանձնարարությունները թվարկելը` պատմեմ, թե ինչպես ծնվեց այս հանճարեղ միտքը, ըստ Գագիկ Սարոյանի, Գագիկ Սարոյանի գլխում:
Հունիսի քսանմեկն էր, երեկոյան ութն անց կեսի կողմերը. կինս կարտոֆիլ էր տապակում, մայրս, ես ու դստրիկս նստած էինք սեղանի շուրջ: Հնչեց հեռախոսի զանգը.
- Գևորգ, Գագիկ Սարոյանն է,- շտապ, տեմպով մեր տուն ես գալիս, պոետներով հավաքված ենք:
- Լավ,- ասում եմ ու դնում ընկալուչը:
Կինս նորից վրդովվում է.
-Երեկ էլ գնացիր, այլևս չեմ կարող, տունը հյուրանոց ես դարձրել, ոչ մեկին չես ասում` ո'չ:
Թավան դնում է տակդիրին, աչքերը լցնում ու նոր թափով և պաթոսով սկսում բողոքի անարդյունք կրակահերթը:
            Մեկ օր առաջ բժշկենց տանն էինք. բլոտ էինք խմում, օղի և գարեջուր խաղում: Ես ու բժիշկը` գարուջուր և օղի, Սամվելը ու Գագիկը` օղի և գարեջուր: Սամվելը` Գագիկի ընկերը, ամուրի է, պատանի հասակում գրել է բանաստեղծություններ, Գագիկը, խմած ժամանակ, հիշում է տողեր և երբեմն արտասանում, բժիշկը բանաստեղծ է ու նույնպես ամուրի:
            Խաղի ընթացքում, որ ինչպես միշտ թաթախված է վիճաբանությունով, Գագիկը ու բժիշկը պայմանավորվեցին հաջորդ օրը հանդիպել Գրողների միությունում, որ գնան Գագիկենց` գազօճախը վերանորոգելու: Ես, ինչպես միշտ, կռահեցի, որ գազօճախը չի վերանորոգվելու: Միությունում նրանց միացել էին բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը և Արա Արթյանը, ճանապարհին`ամուրի Սամվելը:
            Քանի որ Հրանուշը` Գագիկի կինը, պարսկահայ է, ինձ հետ վերցրի Իրանում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուն. թարգմանված հինգ հեղինակից մեկը ես եմ:
            Գագիկենց մեծ հյուրասենյակը ծխի մեջ էր: Ողջագուրվելու, պաչպչվելու ընթացքում զգացի, որ տղոնց  քեֆը արդեն տնկոզ է, նստեցի Անդրանիկի ու Սամվելի միջև:
            Հրանուշը օղու բաժակը, պատառաքաղը դնելով հարցրեց.
- Ափսե ուզո՞ւմ ես, թե մյուսների պես ընդհանուր ափսեից ես օգտվելու... Ես` ուզեցի:
Անդրանիկի հեռախոսից լսվում էր բանաստեղծ Միքայել Ժամհարյանի ձայնը: Գագիկը հայտարարեց, ինչպես միշտ անվճռաբեկ տոնով, թե Միքայել Ժամհարյանն այս տարածքի մեծ պոետն է` անտարակույս, Աշոտ Ավդալյանից հետո: Ոչ ոք, բացի բժշկից, Գագիկին, իհարկե, չցանկացավ առարկել. իմաստ չուներ:
            Ինձ համար Միքայելը հրաշալի Ասացող է: Ես, ինքնակամ, ժամերով կներսուզվեի նրա իմաստուն Խոսքի խորքերում:
            Երբ Հրանուշը ափսեն դրեց սեղանին, նրան տվեցի գիրքս ու խնդրեցի որոշ բաներ հայերեն թարգմանի: Տղաները գրքի կապակցությամբ շնորհավորեցին. Գագիկը, ինչպես միշտ, որպես աչքալուսանք, հետոյի համար օղի ուզեց. Արան քահ-քահ ծիծաղելով բացականչեց` . Անդրանիկն էլ գովեստներով երկար ու հանգամանալից սկսեց խմել կենացս: Անակնկալի եկած, ես մի փոքր անհարմար զգալով լսում էի և իրար հետևից ծխում:
            Հրանուշը հերթական սուրճը բերեց: Ես լցրեցի օղու բաժակները: Բժշկից բացի մյուսները քիչ էին խմում, իսկ բժիշկը, ինչպես միշտ, առանց կենացի` բաժակը անմիջապես դատարկում էր: Սամվել լուռ էր: Հրանուշը նստեց բազմոցի բազուկին ու սկսեց ուսումնասիրել գիրքը:
- Գևորգի բանաստեղծություններից կարդա, տեսնենք` ինչպես կհնչի պարսկերենով,- ասաց Գագիկը:
- Իսկ մենք կգուշակենք բանաստեղծությունը,- կատակեց Անդրանիկը:
Առաջին բանաստեղծությունը չափից դուրս զգլխիչ էր ու մեղեդային: Ես ինքնագոհ փքվեցի: Չգուշակեցինք: Պարզվեց` հեղինակը Խաչիկ Մանուկյանն է:
                Հետո Արան ու Գագիկը, մեկմեկու լրացնելով, դիպված պատմեցին Միքայել Ժամհարյանից.
            «Երկրաշարժից առաջ Արարատ Մկրտումյանը Լենինականի Գրքասերների միության նախագահն էր ու սովետմիության երևելի բանաստեղծներին հրավիրում էր քաղաք: Եկել են ուկրաինացի Իվան Դրաչը, բելառուս Մաքսիմ Տանկը, լիտվացի Էդուարդաս Մեժելայտիսը ու էստոն ոմն Ա-ն, որի անուն-ազգանունը տղաները լավ չէին հիշում: Նրանց լավ պատվել են ու տեսարժան վայրերով ման ածել: Ա-ի հետ հանդիպման առաջին օրը` խաշի օրը, թե հրաժեշտի վերջին օրը` քյալլի օրը, ռեստորանում Միքայելը, որ էստոներեն մի բառ անգամ չի իմացել, սկսել է կարդալ Ա-ի իր արած տողացի թարգմանությունները: Ա-ի բանաստեղծություններն ութ տողը չեն գերազանցում, իսկ Միքայելի արտասանածը պոեմ է հիշեցրել: Իրականում Միքայելն իր գործերից է հրամցրած լինում:
Էստոնին ուղեկցել են Ախուրյանի գեղատեսիլ հովտում գտնվող Մարմաշենի վանական համալիր: Գլխավոր եկեղեցին, որ կոչվում է Վահրամաշեն, ունի ստույգ տեղեկություն կառուցման ժամանակի մասին` վկայված Սամվել Անեցու կողմից` փորագրված բազմատող և գեղեցիկ արձանագրությամբ. «Սկիզբ շինուածոյ մեծանուն և վայելչաշեն զարմանակերտ և հոյակապ ուխտին Մարմարաշենոյ` ի քրիստոսասէր իշխանաց իշխանէ Վահրամայ. սկսեալ ի ՆԼԵ / 986 թ./ և աւարտեալ ի ՆԽԳ / 994 թ./...»:
Գետի ափին պահպանված կա նաև հեթանոսական ժամանակների սեպագիր մի հուշարձան: Ա-ն արձանագրությունը հասկանալու ու դարերի խորհուրդն ու շունչը զգալու համար սկսում է լեզվով շոշափել նշանները, իհարկե արդեն լավ հարբած»...
Հրանուշը սուրճ բերեց, ես, ինչպես միշտ, լցրեցի բաժակները, բժիշկը անմիջապես դատարկեց բաժակը ու բժշկական իր կնիքը դաջեց Գագիկի մայկային ու Արայի կրծքին: Սամվելը լռում էր:
Գագիկը, երեխայի պես հրճվելով, ասաց.
-  Այլևս ամահ եմ:
-  Ախպա'ր, ինձ ուրիշ կնիք պետք չէ,- հայտարարեց Արան ու ծոցագրպանից հանեց հերթական կուսկցությանն անդամագրվելու վկայությունը` այս անգամ կապույտ գույնով մի անդամատոմս:
Անդրանիկը թե` ինչո՞ւ հիմա հանդես չգանք նման նախաձեռնությամբ` հայտնի ինչ-որ մեկին հրավիրենք քաղաք:
-  Չինգիզ Այթմատովին,- սուրճի բաժակը անմիջապես դատարկելով ասաց բժիշկը:- Հայերիս շատ է սիրում:
-  Չի' գա, մահմեդականները չեն թողնի,- առարկեց Գագիկը:
-  Այդ դեպքում Մարկեսին,- գյուտ արածի պես հրճվեց Անդրանիկը:
-  Ծերուկը վատառողջ է,- ասաց Արան, վկայականը դրեց գրպանը և կանգնեց. ուզում էր գնալ զուգարան, Անդրանիկը հետ պահեց, չթողեց` ինքը գնաց:
Ես առաջարկեցի իմ տարբերակը` Վահե Գոդել:
-  Նախ` հայ է, հետո, ինչո՞ւ չէ, կթարգմանվենք ֆրանսերեն, մանավանդ, Գողթան երգերից մինչև չգիտեմ ում թարգմանել է: Կամ հրավիրելը որ հրավիրել է, կանչենք Գյունտեր Գրասսին. և' բանաստեղծ է, և' արձակագիր, և' նոբելյան դափնեկիր:
-  Ավելի լավ է ռուս գրողի հրավիրենք,- չհամաձայնեց Արան, նորից կանգնեց ու այս անգամ սկսեց փնտրել իր բանալիները:- Վասիլի Բելովը ընտիր տարբերակ է:
Ես տվեցի իմ բանալիները, իբր գտել եմ, Արան հանգստացած նստեց:
Հրանուշը, ինչպես միշտ, սուրճ բերեց, ես լցրեցի օղու բաժակները, բժիշկը անմիջապես դատարկեց բաժակը, ճոճվելով, հազիվ կանգնեց ու, չգիտեմ ինչու, պահանջեց իր գրքերը: Սամվելը լռում էր:
-  Հրաշալի, հանճարեղ բան եմ առաջարկում,- ոգևորված խոսեց Գագիկը,- ով ում թեկնածությունն առաջարկել էր` նրա ոճով, մեթոդով գրելու է պատմվածք: Մեր թերթում էլ կտպագրեմ, հետո չենք տրտնջա, որ Գյումրիում արձակ չկա: Սեղանից վերցրեց Անդրանիկի բանաստեղծությունների սևագիրը, մաքուր երեսին գրեց պարտավորագրի պայմանները ու հարցրեց.
-  Սերգե'յ, ո՞ւմ ես հրավիրում:
-  Չինգիզ Այթմատովին,- պատասխանեց բժիշկը, նստեց, բոլորին օղի լցրեց և իր բաժակը անմիջապես դատարկեց:
-  Դե, անվանդ դիմաց ստորագրի'ր: Անդրանի'կ, ո՞ւմ ես հրավիրում:
-  Գաբրել Գարսիա Մարկեսին:
-  Ստորագրի'ր, Գևո'րգ` ո՞ւմ:
-  Իսկ կարելի՞ է մահացածի հրավիրել, օրինակ, Հերման Հեսեին...
-  Իհարկե` ո'չ: Հո մենք ոգեհարցուկներ չե՞նք: Դու կանչում ես Գյունտեր Գրասսին: Ստորագրի'ր: Արա'` ո՞ւմ:
-  Վասիլի Բելով,- պատասխանեց Արան, ստորագրեց, կանգնեց ու սկսեց փնտրել բանալիները: Ես տվեցի Անդրանիկի ավտոմեքենայի բանալիները: Արան թեթևացած գնաց զուգարան:
Բանալիները երկար փնտրտուքից հետո գտավ Գագիկի աղջնակը` Նազանը:
-  Ես նույնպես հրավիրւմ եմ Մարկեսին,- եզրափակեց Գագիկը և ստորագրեց:
Սամվելը շարունակում էր լռել:
Ինչպես միշտ, մեր հեռանալը ձգձգվեց: Դռան մոտ Գագիկը ամենքիս, չգիտեմ ինչու, նվիրեց իր քենակալի հոր բանաստեղծությունների գիրքը: Արայի համար գրքից ընտրողաբար կարդում էինք բանաստեղծություններ, մեր բանաստեղծությունները...
Ես ու բժիշկը մեկական բաժակ դատարկեցինք, Սամվելը ասաց` ցը...


7/30/17

միջօրեի սահանքներից անդին

միջօրեի սահանքներից անդին 
ծղրիդների օթյակներին մերձ
քամու թավուտներն են սկսվում 
առավոտի շապիկն հագած
երիցուկի տեսիլքն իմ մեջ
խլվլալեն այնտեղ ես հոսեցի
ճաշակելու գիշերվա մոշուտները

հուլիս



                                       Աշոտ Ավդալյանին
կփորձեմ
էլ չասել հուլիս
կասեմ օշինդր
կասեմ ճարճատուկ
կասեմ խռնդատ
կասեմ
մեծ աղջիկս ծնվել է
ճարճատուկ ամսվա
տասնչորսերորդ օրը
կասեմ
օշինդր ամսին
զվարթունները երկիր են իջնում
և բուրում են լորենի
կասեմ
խռնդատ ամսին
առանձնահատուկ գնդի քամիների
թևատակերը խուտուտ տալու նպատակով
Ջաջուռ գնացի
կասեմ
որ ամռան պղինձները
քլթքլթում են օշինդրին
որ ակացիան
իր բուրմունքը
լեղապատառ մսխում է
ճարճատուկի սկզբներին
կասեմ
որ ծիծեռնակների սքանչացումը
սկսվում է խռնդատի տեղատարափներից
որ երկնքի մաշկը
իր լուրթին է հասնում
ճարճատուկի կեսերին
կասեմ օշինդր
կասեմ ճարճատուկ
կասեմ խռնդատ
թե համոզիչ չէ
կասեմ վարդավառ

7/17/17

օշինդր

օշինդր
հնչում է որպես
դիցաբանական զորեղ հերոսի անուն
կամ սրբազան պատերազմի մարտակոչ 
կամ թաքնագիտության ինչ-որ խորհրդանիշի նախշազարդ
փոքր ժամանակ
գաղտնի ծխելուց հետո
սերմերը ճզմում էի ափերովս
և ձեռքերս բուրում էին դառը դառը
բայց հաճելի
օշինդր տեսնելիս
նույն բանը
հիմա էլ եմ անում