ԱՆԸՆԴՀԱՏ ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ

ՁՈՆ ԽՆՁՈՐԻՆ ՈՐ ՈՒՏՈՒՄ ԵՄ

Կատարելության ձգտումդ
խանդավառում է ինձ
կեցցես եղբայրս
հոտդ հանճարեղ է
իսկ համդ
ըմմ դրախտային
ոգևորում է գույնդ նաև
գինու և ոսկու ծնունդ
և դու բնավ չես մեռնում խնձորս
դու բնավ չես մեռնում եղբայրս

*
Արև
ես չունեմ
սպասումն ու համբերությունը ծառի
ինձ շուտ ծաղկեցրու

շառայլներդ
թող միանգամից լացացնեն
իմ ներսի ձմեռը
արև
ես չունեմ
սպասումն ու համբերությունը հողի

պարգև տուր ինձ
արև
կապույտը անեզրական
ես չունեմ
սպասումն ու համբերությունը երկնքի

ՄԻ ՊԱՀ

Փայտերը թաց են,
Չեն վառվում:
Վառարանը չի տաքացնում:
Մի քանի ժամ է փչում եմ
Կամ թերթեր խցկում վառարանի կոկորդը:
Ապարդյուն:
Կգան օրեր,
Երբ մեզ համար այլևս հեշտ չի լինի
Մեր ներսը բոցավառել:
Այդժամ որքան ծեր կլինենք և անպետք:
Եվ կսկենք համառաբար երազել քամիներ,
Թեև կիմանանք, որ արդեն զուր է,
Զի մեր ներսում շատ թաց կլինի:
Բայց կգան օրեր,
Երբ կչորանան փայտերը,
Եվ քաղաքի պարունակներով
Գարունը կառաջանա,
Եվ ճնճղուկի զվարթ երգը, և վերահաս կայծակի ճայթյունը,
Որ զգում ենք արդեն,
Մի պահ մեզ դուրս կնետեն մեր գերեզմանափոսերից,
Եվ մեր ձանձրույթը կբոցավառեն:


*

Մակույկս դեռ երիտասարդ է`
Ընդամենը քսանհինգ տարեկան:
Որպես իմաստուն այր
Կակոսի՞օտար ափեր,
Թովիչ գիշերներում, ուղեկցությամբ ջրահարսերի,
Եվ կսուրա՞ կենսահմա արշալույսներում
Իբրև վճիտ պատանյակ՝ դրասանգներով զարդարուն:
Թե՞ վիճակված է նրան
Անհրապույր մի լճակ,
Ծանծաղ և տղմահոտ:
Բայց գուցե ցնո՞րք է
Օտար ափեր երազելը
Եվ պետք է ինքդ քո մեջ
Որոնես այլ հեռաստաններ
Եվ արևներ հասունացնես.
Որ զուլալվի հայացքդ,
Սառցաշերտերդ հալվեն,
Որ հալհլոց լինի,
Մեծ հալհլոց,
Որ գարնանդ բույրը զգլխի քեզ,
Եվ եթե բուրաստան ես լինելու՝

Նաև ուրիշների համար:

*


Գարնանային անձրև, տեղա,
Մի երկմտիր,
Գուցե խախտես հավասարակշռությունը
Իմ մեջ ամբարված ծով-արցունքի,
Եվ այն թափվի, հեղվի.
Ճահճացել է ներսումս արդեն,
Ես նեխվում եմ:

Գորշ երկինք՝ ամպոտ-զամպոտ,
Նմանակն ես կարծես հոգուս:
Պտտահողմ, խնդրում եմ քեզ,
Պոկիր, հանիր
Ծանրացած տխրությունը:
Կայծակ, խփիր, փշրիր կերտվածքն
Այդ ապարդյուն:

Ծիծեռնակներ, հյուսեք ճոճցանց,
Գամ թալկանամ՝
Հոգնել եմ ես:
Գորտեր, լռեք,
Այսօր ի զորու չեմ
Ընկալելու համերգը ձեր:

Արագիլ, թող քեզ համար
Հոգիս լինի թխսատեղի:
Հուր ոտքերդ թող հրդեհեն,
Ողջակիզեն իմ մարմինը
Դեպի Լույսը:


Տեղա, տեղա, անձրև գարնանային...



ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ

Ապագայում ևս
Թող չտրտնջամ,
Որ սևը սև է:

*

Վասն տեխնիկայի կատարելագործման,
Նոր շերտերի, խորքերի հայտնաբերման
Ես ինձ խոսք տվեցի
Գրել օրը մեկ բանաստեղծություն:

Երեկ կեսգիշերին տուն վերադարձա:
Այսօր էլ նստել՝
Ձեռքիս երակներն եմ ուսումնասիրում:

*

Հորս սարքած թռչնաբունը
Միշտ թափուր է:
Չնմանվեմ:

*


Երկնում էր մայրամուտը...

Տիեզերական հոսքեր
Որպես երիվար
Նվիրվեցին ինձ
Եվ հանեցին վեր:

Տոնահանդես էին սարքել աստղերը,
Եվ երգում էին սրբազան հիմներ,
Զոհաբերվում էին թովիչ ասուպներ...

Ես համբուրում էի մանկան

Խորախոր պորտը:

*

Գիշեր,
Ոտքս շեմքիդ է,
Եղբոր նման ինձ ընդունիր:
Թող օրս չլինի դժգույն ծես,
Գիշեր,
Ընկերոջ նման ինձ գրկիր:

Բարուրիր հմայքներով քո,
Գաղտնիքներիդ հետախույզը լինեմ,
Աստղերի հետ պահմտոցի խաղամ,
Լուսնի հետ պարեմ և զնգամ:

Եվ երբ այգաբացը գա,
Եվ երբ բոժոժս լքեմ,
Իբրև հուշ, գիշեր,
Մարմնիս թող
Նախշերդ լինեն:

ՊԵՏՔ Է ԶՈՒՍՊ ԼԻՆԵԼ

Մայրս նոր տարվա սեղանի համար
500 գրամ չամիչ է գնել:
Ինձ զգուշացրեց՝ զուսպ լինել:
Ամեն անգամ,
Երբ աչքս ընկնում է
Սկուտեղում չորացվող չամիչին՝
Երկու-երեք հատիկ թռցնում եմ:

Ինքս էլ հասկանում եմ՝ պետք է զուսպ լինել:

No comments:

Post a Comment