գևորիկներ

տեսական հարցեր

1.
տիպաբանորեն
ինչպե՞ս են սահմանվում գևորիկները
կառուցվածքային
ի՞նչ առանձնահատկություններով են ծաղկում
պոեզիայի հետ
առնչություններ ունե՞ն
անհեթեթ
և անպաճույճ գրերից
ինչո՞վ են տարբերվում
աղերսվո՞ւմ են սրբազան տեքստերին
նարեկի պես կարո՞ղ են
բալասան լինել
հմայական խոսքի
ո՞ր ոլորտներում են ծփում
կունենա՞ն հայրենների տխուր զվարթությունը
որպես տապանագրեր մխիթարակա՞ն են
աղոթքների պես կենսական կլինե՞ն
խուտուտ կտա՞ն
սիրած կնոջ էրոգեն գոտիները
կհնչե՞ն մեռնողի ականջներում
կպաշտպանե՞ն հայրենիքը
նրա սահմանները կընդլայնե՞ն


հանկարծաստեղծվո՞ւմ են
թե անքուն գիշերների պտուղ են
բնազդի՞ արգասիքներ են
թե բանականության
ածանցյա՞լ են
թե նախնական


2.

գևորիկը
մենաշնորհայի՞ն վայելք է


3.

ինչպե՞ս
և ո՞ւմ կողմից ծնվեց
գևորիկի մտահաղացումը

4.

ո՞ւմ համար է
գրվում գևորիկը


անհեթեթ և անպաճույճ

5.

գևորիկներ գրելու
մտահաղացումը
կատակով առաջարկել է
ընկերս

6.

հնարավոր է
որ նախկին գրածներս
նույնպես գևորիկներ են

7.

եթե նախկինում գրածներս
նույնպես գևորիկներ են
միևնույնն է
պատկերացում չունեմ
թե ինչ է գևորկիը

8.

եթե գրեմ
հազարից ավել գևորիկ
գուցեև կռահեմ
թե ինչ է գևորկիը

9.

գևորիկներ գրելը
գրողական պարապուրդից
դուրս հրվելու
որոշակի միջոց է
իհարկե ոչ միակը
հուսադրողը
կամ արդյունավետը

10.

գևորիկներով անհնար է
վայլել
գրողական փառքի
համապարփակ պերճանքը
և փայլը

11.

ապագայում
գևորիկներով զբաղովողները
կկոչվեն գևորիկաբաններ
իսկ գրական դպրոցի
ավանդույթները շարունակողները
գևորիկապաշտներ

12.

տեսնես
որքա՞ն շատ են լինելու
նրանք
որ քարկոծելու են
իմ խեղճուկրակ գևորիկները

պոեզիա

13.

այսուհետ
գևորիկը
պոեզիայի հիմքերի հիմքն է
տարրագույն մասնիկը
ալֆա-ն  և օմեգա-ն

14.

այսուհետ
աշխարհում գրվող
ցանկացած բանաստեղծություն
գևորիկ է

15.

այսուհետ
պոեզիայի տարեգրությունը
կտրոհվի երկու մասի
գևորիկից առաջ գա
և
գևորիկից հետո գհ

16.

գևորիկը
զսպաշապիկ կլինի
գրամոլի համար
և աստվածային պատուհաս           
գրչակի համար

զի նրանք
չեն ճանաչի գևորիկը

17.

միայն գևորիկով է
ընդարձավում
և կատարվում
պոեզիան
խորհուրդներ ապագա բանաստեղծին 

18.

կան բանաստեղծներ
որ շատ են գրում
և կան որ գրում են քիչ

շատագիրները
մի քանի բանաստեղծության
նույնիսկ մի քանի գրքերի մեջ
նույն ձևով
նույն բանը անընդհատ ասում են
քչագիրները ոչ

արդյունքում
նրանք նույն քանակի
բանաստեղծություններ են գրում

եթե կարող ես
գրիր
քիչ

19.

կարևորը
կարդալն է
ոչ թե գրելը

վայելքն է
ոչ թե գրելը

եթե կարող ես
երբեմն մի գրիր

20.

եղիր հետաքրքիր
և ոչ թե իմաստուն
ինքդ քեզ հակասիր

21.

գնահատիր
պայածառացումդ

եթե կարող ես
փոխանցիր

22.

ճշմարիտը
ձյունն է անձրևը
ծաղկած սալորենին
մեղուները

եթե կարող ես
փոխանցիր

23.

ընկերացիր զատիկին
թռչունին և արևին

փոխանցիր
եթե եղբայրն ես նրանց

24.

վերջիվերջո
տողերիդ պսակը
աստվածն է լինելու

եթե կարող ես
աննկատ փոխանցիր

25.

ամեն օր
քայլիր

քայլիր
ցրտին սառնամանիքին
ծնկաչափ հասնող
ձյան միջով քայլիր

երբ անձև է քայլիր
երբ կայծակների պսակը
գլխիդ է
քայլիր

տապին շոգին քայլիր

26.

հետևիր
կազմվածքիդ
խնամիր մարմինդ

փոր
և բոխախ չգցես

հիշիր

հույզերն էլ են
ճարպակալվում

27.

մի ծխիր շատ
խմիչքը մի չարաշահիր
թմրանյութեր մի օգտագործիր

հիշիր

տողերը խամրումեն
ինչպես սեռական գրգիռները

28.

ժամանակառժամանակ
հին գրածներդ
մի լավ ձաղտիր

մի քանիսին
կփրկես
որոշները
ճարպկորեն կպլստան
իսկ տկարներին
դեն նետիր
թեպետև սրտիցդ
արյուն է կաթելու




 29.

եթե
գրքերդ չվաճառվեն
չխեղճանաս
հոնորար խոստանան
և չտան
չբարկանաս
թաքուն
գրածներդ հրապարակեն
չտրտնջաս
չհավանեն
չտպագրեն
չվշտանաս
հանդիպումների
ընթերցումների չհրավիրեն
չնեղսրտես
մրցանակներ չշնորհեն
չտխրես

եթե գրածներդ
մի բան արժեն
չմտահոգվես
ընթերցող կունենաս

առավել ևս
չմտահոգվես
եթե գրածներդ
բանի պետք չեն
մեկ է
գլխի չես ընկնի

30.

տպագրիր
մեկ շնչով
կարդացվող
պուճուր գրքեր

տապանագրեր և մահախոսականներ

31.

ի վերջո
տապանագիրս լինելու է
իմտողերից
իսկ մահախոսականներ
գուցեև չլինեն

և ուրեմն
ընտրողները
բազմաբղետ հնարավորություններից
թող որ զվարճանալով
քիչիկըմ էլ տառապեն

32.

հանգուցյալը ապրելով
խառնակ ժամանակներում
չգրեց
դարակազմիկ գործեր

ամենևին չբխեց
տեղական գրականության
մաքրամաքուր ակունքներից

տափակությունը
զվարթություն կարծեց
և չնչին ապրումները
պայծառացում անվիճելի

չզգաց լեզուն
և լեզվի
ոսկեղենիկ սանդուղքով
ոգու տիրույթները
վերուվար չարեց

33.

անցորդ
ներողամիտ եղիր
և խմածդ
անուշ լինի

իմ օղորմաթասերը
կենդանությանս օրոք եմ պարպել

34.

նա
ծնողների համար
սովորական որդի էր
կնոջ համար
արտասովոր ամուսին
զավակների համար
թեթևսոլիկ հայր
և գրականության համար
միմիայն ծաղրածու

35.

անցորդ
ես չճանաչեցի ինձ
և ինձ չգտա

իսկ խմածդ
կրկին անուշ լինի

36.

նա
վախկոտ էր
և քաղքենի
և սիրում էր
աշխարիս վայելքները

թուլակամ էր
և ճղճիմ
և բազմիցս չընտրեց
առ աստված
տանող ուղին

37.

ոչ տևականորեն
սակայն ես էլ հոսեցի
պոեզիայի երակներով

38.

ողորմած հոգին
ոչ մի ասպարեզում
չհասավ կատարելության
առանձնապես
ջանք չէր էլ թափում

39.

իմ մահվան օրը
երկրպագուհիների
զանգվածային ուշաթափություն
չի գրանցվի
հանրապետությունում
սգո օր չի հայտարարվի
նախագահը ու վարչապետը
հերթական ծաղկեպսակներով
ու տխուր դեմքերով
մեր տանը չեն հայտնվի
դագաղիս մոտ
սիրուհիներս
ապօրնի զավակներս
լեղապատառ լաց չեն լինի
գրչակից ընկերներս
ինձ աստվածացնելով
երեք օր ու գիշեր
պատվո պահակ չեն կանգնի
գերզմանս չի դառանա ուխտատեղի
և կլոր ամյակներիս
դպրոցականները
բանաստեղծություններս սերտած
ինձ չեն այցելի
իմ անունով հրապարակներ
և փողոցներ չեն անվանակոչի
նույնիսկ
աշխարհի ավազահատիկներից
հազար անգամ շատ
աստղերից մեկը
իմ անունը չի կրի

40.

աղբով լեցուն
զառամ
հաշմված
ախտակիր
միևնույն է

մարմինս կլինի տապան

No comments:

Post a Comment